Մոսկվան վերջին հինգ օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հունիսի 22-ին՝ ժամը 3:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքին մոտենալիս 80 դրոն է խոցվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չի տրամադրել՝ միայն նշելով, որ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, իսկ «Վնուկովո»-ն ու «Դոմոդեդովո»-ն չվերթներն ընդունում և ճանապարհում են համաձայնեցված ռեժիմով։ «Աերոֆլոտ» ընկերությունն իր հերթին հայտարարել է չվացուցակի փոփոխության և մի շարք չվերթների չեղարկման մասին։

Ուկրաինական «Exilenova+» և «Supernova+» մոնիթորինգային ալիքները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների վրայով թռչող դրոնները։ Բացի այդ, ականատեսները պատմել են «Սադովոդ» շուկայի մոտակա կամրջի վրա ՀՕՊ շարժական համալիրի տեղակայման մասին։ Հատկանշական է, որ հունիսի 18-ի հարձակումից հետո այս շուկայի մեկ հինգերորդ մասն ամբողջությամբ այրվել էր։ Ներկայում առևտրի հարթակը չի գործում. այն փակ կլինի առնվազն մինչև չորեքշաբթի։ Նախորդ անգամ ուկրաինական զինուժը Մոսկվան զանգվածային հարձակման էր ենթարկել հունիսի 19-ին։ Այդ ժամանակ Սոբյանինը հայտնել էր 76 դրոնի ոչնչացման, ինչպես նաև տուժածների ու ավերածությունների բացակայության մասին։ Իսկ հունիսի 18-ին՝ հինգշաբթի օրը, տեղի էր ունեցել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ամենամեծ հարձակումը, որի ընթացքում խոցվել էր 194 անօդաչու թռչող սարք։

Հիմնական հարվածը բաժին է ընկել Կապոտնյայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որտեղ հզոր հրդեհ է բռնկվել։ Կոտելնիկիում վնասվել են 25-հարկանի բնակելի շենք և «Բելայա դաչա» առևտրի կենտրոնը։ Մայրաքաղաքի երկնքում սև ծխի սյուներ են բարձրացել, իսկ Մոսկվայի մարզում «նավթային անձրև» է տեղացել. Լյուբերցիի և Ժելեզնոդորոժնիի բնակիչները դժգոհել են այրուկի հոտից, ինչպես նաև մեքենաների ու պատուհանագոգերի վրա հայտնված յուղոտ հետքերից։ Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 527 չվերթ։

Մոսկվայի մարզում տուժել է 17 մարդ. Ռամենսկոյեում հարձակման հետևանքով բռնկված հրդեհի պատճառով 8 տարեկան աղջիկ է մահացել, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Մոսկվայի և մարզի բնակիչները զանգվածաբար դժգոհել են իշխանությունների կողմից իրազեկման բացակայությունից. օդային տագնապի ազդանշանները չեն միացել, իսկ ապաստարանների վերաբերյալ նրանց ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել։

Share.