Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

«Նման որոշում է ընդունվել կարանտինային օբյեկտների սիստեմատիկ հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը փուլ առ փուլ՝ սկսած ընթացիկ տարվա մայիսից, սահմանափակում էր կարանտինային հսկողության ենթակա հայաստանյան արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը և հայկական կողմին տեղեկացնում մատակարարման խախտումների մասին։ Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում

Կառույցը նշել է, որ հունիսին Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ հայտնաբերվել է կապրյան բզեզով (վնասատու. խմբ.) վարակման 3 դեպք։

«Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական սերտիֆիկացման համակարգի նկատմամբ: Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը»,– ընդգծել է Ռոսելխոզնադզորը:

Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։

Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։

Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Share.