ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի ղեկավարության խնդրանքով Վաշինգտոնն Իրանին ժամանակավոր շունչ քաշելու ժամանակ է տրամադրել։
«Պակիստանի ֆելդմարշալն ու վարչապետը հրաշալի տղաներ են։ Մենք նրանց հետ պահեցինք Հնդկաստանի հետ պատերազմից»,- ասել է նա՝ մեկնաբանելով միջազգային միջնորդական ջանքերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Նա հայտնել է նաև, որ Պակիստանը շարունակում է միջնորդի դեր խաղալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունում։
Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ Պակիստանի ներկայացուցիչները պահպանում են շփումները իրանական կողմի հետ և փորձում են նպաստել համաձայնությունների ձեռքբերմանը։
«Նրանք մոտ են Իրանին։ Դեռ աշխատում են՝ փորձելով անել այնպես, որ իրանցիները ճիշտ վարվեն»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է «լուրջ գործարքի» կնքմամբ, որը կլինի կայուն և իրագործելի։
Ավելի վաղ պակիստանցի պաշտոնյաները հայտարարել էին ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին, ինչպես նաև դիտարկում էին բանակցային գործընթացի համար իրենց տարածքը տրամադրելու հնարավորությունը։
