Մարմնի մակերեսի 35% այրված էր

Սանավիացիայի ուղղաթիռով Երեւան տեղափոխված հիվանդը մահացել է

68-ամյա Սամվել Արտեմի Ստեփանյանը օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Նրա մարմնի մակերեսի 35 տոկոսը այրված էր: Քիչ անց նա մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, պացիենտը, ով Վանաձորի «Տարեցների տան» բնակիչ էր, ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»: Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է պացիենտը ստացել այդ այրվածքները:

Ընդունման պահին զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաեւ վերքերի մշակում եւ տեղային ցավազրկում:

Պացիենտի վիճակը մնացել է ծանր, եւ որոշվել է նրան տեղափոխել Երեւան՝ «Էրեբունի բժշկական կենտրոն»: Տեղափոխումն իրականացվել է ուղղաթիռի միջոցով: Հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ:

Որոշ մասնագետների խոսքով՝ սանավիացիայի ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, քանի որ ուղղաթիռում հնարավոր չէ ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, եւ դա էլ դարձել է պացիենտի մահվան պատճառը:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը (H125/AS350 B3 e) ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն եւ սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով:

Հիշեցնենք, որ սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռը նախատեսված է ծանր եւ շտապ դեպքերում օգնություն ցուցաբերելու համար։ Կանչի համար առաջին թռիչքը այն կատարել է ապրիլի 8-ին: Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում ուղղաթիռի միջոցով Երեւան է տեղափոխվել 9 պացիենտ, օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ։