Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում. Անի Խաչատրյան

Քաղաքապետարանի որոշմամբ Օպերայի տարածքում գտնվող սրճարանները ապամոնտաժում են

Եթե քանդվում են, պետք է քանդվեն Օպերայի հարակից տարածքում կառուցված բոլոր սրճարանները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Ես կողմ եմ, որ Օպերայի հարակից տարածքը դառնա պուրակ, բայց ես կողմնապահություն եմ տեսնում։ Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում։ Հարցս ուղղում եմ քաղաքապետին»,–նշեց նա։

Անի Խաչատրյանը վստահ է, որ ապամոնտաժումը սկսելուց առաջ սրճարանի տերերին պետք է ժամանակ տրվեր. «Սեզոնին մոտ սկսեցինք, այնինչ պետք է ժամանակ տայինք, թույլ տայինք գոնե այս տարի աշխատեին։ Մարդիկ բիզնես են դրել, ներդրում են արել, պետք է նաեւ առաջարկ լիներ այդ մարդկանց համար գոնե տեղափոխման համար։ Քաղաքապետարանից չեն հանդիպել սրճարանի տերերի հետ»։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։