IT միլիարդատերերի տարօրինակ սննդային հակումները

«Հաղթավարի» ցուցակում են այծերը, խոզերը, հավերն ու օմարները

Միլիարդատերերը կարող են ուտել ամենաորակյալ ուտելիքն ու ամենաթանկ խոհարարներին վարձել, բայց նրանցից շատերի հակումները դժվար է առողջ անվանել։ Ամենատարօրինակ սննդային հակումներով աչքի են ընկնում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների սեփականատերերը։ Նրանցից ոմանք նախընտրում են չկտրվել աշխատանքից ընդմիջման ժամանակ, իսկ մյուսները փորձարկումներ են անում նորաձեւ դիետաներով, տեղեկացնում է Hightech-ը՝ հղում կատարելով Business Insider-ին։

Օրինակ, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ցանկացած ուտելիքից նախընտրում է ֆասթֆուդը։ Նա նախաճաշին ուտում է շոկոլադե փաթիլներ, իսկ ճաշին՝ չիզբուրգերներ։ Գեյթսերի տանն, ամենայն հավանականությամբ, չիզբուրգերներն արգելված են, ուստի միլիարդատերը դրանք պատվիրում է գործնական հանդիպումների ժամանակ, անկախ այն բանից, թե ում հետ է ճաշում։ Հաճախ Գեյթսը չի նախաճաշում։ Բացի այդ, նա օրական 3-4 շիշ դիետիկ կոլա է խմում։

Facebook ղեկավար Մարկ Ցուկերբերգը առանձնակի հակումներ չունի եւ չի սիրում ժամանակ ծախսել կերակրատեսակների ընտրության վրա։

Այնուամենայնիվ, 2011 թվականին նա իր առջեւ տարօրինակ խնդիր դրեց. ուտել միայն այն կենդանիների միսը, որոնց ինքն է սպանել։

«Հաղթավարի» ցուցակում են այծերը, խոզերը, հավերն ու օմարները։ Ցուկերբերգի հյուրերը տեղեկացնում են, որ նա հաճույքով կիսում է այդ միսն ընկերների հետ։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը աշխատահոլիկ է, որն աշխատում է շաբաթը 80-90 ժամ։ Բայց այդպիսի ռեժիմի համար նա բավարար քանակությամբ ուտելիք չի օգտագործում։ Մասկը սովորաբար չի նախաճաշում կամ ուտում է «Մարս» շոկոլադ, իսկ ճաշին ընդամենը հինգ րոպե է հատկացնում։ Նա նորմալ ուտում է միայն գործնական հանդիպումների ժամանակ, պատվիրում է բարբիքյու կամ ֆրանսիական խոհանոցի ուտելիքներ։

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին սննդի հետ կապված բազմաթիվ հակումներ է ունեցել։ Մի ժամանակ վեգան էր, իսկ 2013-ից անցել է պալեոդիետայի, որն իբր նման է որսորդների կերակրացանկին եւ նշանակում է հրաժարում հացահատիկեղենից, զտված շաքարից եւ վերամշակված մթերքներից։ Այժմ Դորսին տարված է սովահարությամբ։ Հունվարին նա Թվիթերում գրել է, որ օրը 22 ժամ պաս է պահում, իսկ երբեմն էլ անգամ բոլորովին չի ուտում։

Գուցե Twitter-ի ղեկավարը ոգեւորվել է հանգուցյալ Սթիվ Ջոբսի օրինակով։

Apple-ի համահիմնադիրը վեգան էր եւ կարող էր շաբաթներով մեկ կամ երկու տեսակի մթերք օգտագործել, օրինակ՝ գազար ու խնձոր։

Իսկ այլ դեպքերում Ջոբսը զբաղվում էր «մրգակերությամբ, պահում էր մրգային, բանջարեղենային, հացահատիկային դիետա։ Իսկ սովահարությունն իբր օգնում էր հասնել «էյֆորիայի եւ էքստազի» վիճակի։