Իսլամականները գրավել են Հալեպի կեսը. SOHR

Մանրամասներ
սիրիա

Սիրիայում իսլամիստական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի կեսը, տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը, հայտնել է ВВС-ն։

SOHR-ի տեղեկացմամբ՝ չորեքշաբթի սկսված հարձակման սկզբից սպանվել է 277 մարդ, այդ թվում ավելի քան 20 քաղաքացիական անձ։

Սա ամենամեծ հարձակումն է սիրիական կառավարության դեմ վերջին տարիներին, եւ առաջին անգամ իսլամականները, որոնք կռվում են նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ, հասել են Հալեպ այն ժամանակվանից ի վեր, երբ 2016թ. այնտեղից դուրս էին մղվել բանակի կողմից։

Ինչպես տեղեկացրել է АР-ը, անվտանգության թուրքական ծառայությունների ներկայացուցիչները հինգշաբթի հայտնել են, որ իսլամիստական ուժերը սկզբում սկսել են վաղուց պլանավորած «սահմանափակ» հարձակումը Հալեպի դեմ։ Սակայն հարձակումն ընդլայնվել է, երբ սիրիական կառավարական ուժերը սկսել են նահանջել իրենց դիրքերից, հայտնել են պաշտոնյաները։

Թուրք պաշտոնյաների խոսքով՝ հարձակման նպատակը «ապաթեժացման գոտու սահմանների վերականգնումն է»։

ԶԼՄ տեղեկացմամբ՝ այս անգամ կառավարական զորքերի կամ նրանց դաշնակիցների ոչ մի հակադարձում չկա։ Դրա փոխարեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ կառավարական զորքերը հալչում են հարձակվողների դեմ-հանդիման, իսկ իսլամականները սոցցանցերում տեղադրում են կոչեր, որպեսզի զորքերը հանձնվեն։

Ռոբերտ Ֆորդը, որը ԱՄՆ վերջին դեսպանն էր Սիրիայում, հայտնել է, որ գրոհը ցույց է տվել, որ սիրիական կառավարական ուժերը «չափազանց թույլ» են։ Որոշ դեպքերում, նրա խոսքով, նրանք, թերեւս, «գրեթե ջախջախվել են»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ, անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։

Մարտերը վերսկսվել են նաեւ Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.։