Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հիշեցրել է երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերի, մասնավորապես Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին: Նախարարի ուղերձն ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնկալում եմ, որ մեծ ուշադրություն կդարձնեք մեր ընդհանուր պատմության այնպիսի հիշարժան տարեթվերին, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակը»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է համաժողովի կարևորությունն ու արդիականությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում:
«Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը միավորող հարթակ է երկու երկրների հեղինակավոր անձանց և երիտասարդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության փաստաթղթեր:
0Comments