Սիրիական արաբական բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի, որոնք հարձակվել էին Հալեպի և Իդլիբի նահանգների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկը:
«Նոյեմբերի 27-ին՝ ժամը 7:50-ից, «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անօրինական զինված խմբավորումները հարձակվել են Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա՝ Հալեպ և Իդլիբ նահանգներում: Սիրիական արաբական բանակը համառորեն կռվում է ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ»,- ասել է նա։
Իգնասյուկը պարզաբանել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ահաբեկիչները տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստներ են կրել, զոհվել է առնվազն 400 մարդ։
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում գրանցվել է «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալների կողմից սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա 13 հարձակում, որից 12-ը՝ Իդլիբ, ևս մեկը՝ Հալեպի նահանգում։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Այն բանից հետո, երբ բանակը ազատագրեց երկրի մեծ մասը, ահաբեկիչների ցրված խմբերը գործում են հյուսիսային և հյուսիս-արևելյան անապատային շրջաններում։ Զինյալները պարբերաբար հարձակումներ են կազմակերպում մայրուղիներում քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է ակտիվ թիրախային գործողությունները՝ ոչնչացնելու մնացած զինյալ խմբավորումները։
0Comments