Կառավարությունը չի ներկայացնում հասարակության մոտ եղած պահանջը

Բնականաբար մեր հասարակության մոտ առաջացել է պահանջ դեպի նոր զարգացման օրակարգի վերաբերյալ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝  ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը այս պահին դարձել է քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը մի քանի պատճառներից ելնելով. «Երբ անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ իշխանափոխություն, իսկ ոմանց կարծիքով հեղափոխություն, դրանից հետո, ի հակակշիռ նախկին իշխանություններին, նոր իշխանությունները պետք է Հայաստանի զարգացման դրական օրակարգ ձևակերպեին: Եթե մինչև դեկտեմբերի 9-ը դա հնարավոր չէր ինչ-որ չափով անել, ապա դրանից հետո բնականաբար կառավարությունը պետք է այդ դրական օրակարգի ձևակերպումը իրականացներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:

 
Վերջինս ընդգծեց՝ Կառավարության ընդունած ծրագիրը չի պարունակում Հայաստանի զարգացման դրական օրինակ: Նրա բնորոշմամբ կա միայն եղած իրավիճակը լավացնելու ծրագիր.«Բնականաբար մեր հասարակության մոտ առաջացել է պահանջ դեպի նոր զարգացման օրակարգի վերաբերյալ, և պատահական չէ, որ սահմանադրության հարցը հայտնվեց օրակարգում և լուրջ քննարկում առաջացրեց, որովհետև սահմանադրությունը քաղաքական բովանդակություն ունեցող լուրջ հարց է, ի տարբերություն կառավարության կողմից ներկայացրած հարցերի»:

 
Բադալյանը շեշտեց՝ կառավարությունը չի ներկայացնում հասարակության մոտ եղած պահանջը:

 
Անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու ՀԱԿ-ի առաջարկին Արմեն Բադալյանն աաց, որ իր կարծիքով նախագահական կամ կիսանախագահական համակարգերի անցնելու ժամանակաշրջանը մեզ մոտ անցել է. «Մեր մենթալիտետում շատ ուժեղ է լիդերոմանիան, և բնականաբար կիսանախագահական համակարգին վերադառնալը չի նպաստի Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորմանը և կլինի մեկ անհատի կառավարման համկարգ, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ է անկախ խորհրդարանական կառավարման համակարգը»

,-ասաց Բադալյանը:

 
Քաղտեխնոլոգը նկատեց՝ իշխանությունները պետք է իրենց առաջ նպատակ դնեն ունենալ երկրի այն տեսլականը, որին ձգտում են. «Հայաստանի իշխանությունների և գլխավոր իշխանավորի կողմից չի ներկայացվում այն տեսլականը, թե դեպի ուր ենք ուզում գնալ, այդ պատճառով այսպիսի կազուսային իրավիճակ է ստացվում սահմանադրության հետ կապված»,-եզարափակեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուր՝ henaran.am