Ես վստահ եմ, որ մինչեւ ֆրանսիական զենքի Հայաստան հասնելը Ալիեւն իր հարվածը հասցնելու է. Ջամալյան

Մանրամասներ
ջամալյան

Ես վստահ եմ, որ մինչեւ ֆրանսիական զենքի Հայաստան հասնելը Ալիեւն իր հարվածը հասցնելու է, նոր աղետ է մեր գլխին գալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փաստացի սառեցված են, նա ասաց. «Սա դավադրություն է հայոց պետականության հանդեպ, սա «Արցախը Հայաստան է եւ վերջ» իր հանրահայտ ծղրտոցի տրամաբանության մեջ մի բան է: Եթե դու հայտարարում ես, որ Ադրբեջանը Հայաստանը համարում է «Արեւմտյան Ադրբեջան», այդ հայտարարությունից անմիջապես հետո դու պետք է մոբիլիզացնես քո ողջ ռազմադիվանգիտական ռեսուրսը՝ քո պաշտպանությունը կազմակերպելու համար:

Երբ դու ասում ես՝ պատերազմն անխուսափելի է, դրանից անմիջապես հետո պետք է վերցնես լսափողը, կապվես Կրեմլի հետ, Թեհրանի հետ եւ ընդունես այն շատ հրապուրիչ առաջարկությունները, որոնք մինչեւ վերջերս քեզ արվել են:

Բայց այդ հայտարարություններից հետո դու ասում ես, որ սառեցրել ես հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Սա նշանակում է, որ փակել ես երկրիդ պաշտպանունակությունն ամրապնդելու հնարավորություններից մեկը: Փաշինյանի հայտարարությունները կարող են որպես պատրվակ ընկալվել հարված հասցնելու համար, այդպես էլ լինելու է, ինչը մենք շուտով կտեսնենք:

Դու խզում ես կապերը մի կառույցի հետ, որին անդամակցությունն ապահովում է քեզ անխափան եւ մեծ ծավալներով սպառազինության մատակարարում:

Այդ հայտարարությունը ընդամենը պատերազմի նախերգանքն է, պատերազմի լեգիտիմ առիթն է, որ վարչապետ կոչեցյալը տվեց Ադրբեջանին, զուգահեռաբար զրկելով Հայաստանին արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից մեկից»,- հայտարարեց Ջամալյանը: