Ամռան ամիսների՝ հատկապես արձակուրդի ժամանակաշրջանը ամենասպասվածն է շատերի համար: «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ո՞ր երկրներում են նախընտրում իրենց հանգիստն անցկացնել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Երգիչ և շոումեն Արամ MP3-ի համար, օրինակ, ամառը և՛ հանգստի, և աշխատանքային սեզոն է։ Վերջինս, սակայն, դեռևս հանգստի չի մեկնել, բայց առաջիկայում պատրաստվում է ծով գնալ ընտանիքի հետ, ամենայն հավանականությամբ՝ Կիպրոս։
«Նախընտրում ենք արձակուրդն անցկացնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, բայց աշխատանքի բերումով պետք է միշտ լինենք Հայաստանում։ Այս տարի փորձել ենք կազմակերպել ընտանեկան հանգիստ, երկրից դուրս մեկնել։ Երեխաների հետ ենք գնալու, մի փոքր գուցե դժվար լինի, քանի որ արդեն երեքն են, փոքր աղջիկս էլ է մեզ հետ գալու, սա իր առաջին ճամփորդությունն է լինելու արտերկրում»,- ասում է նա։
Աշխատանքից դուրս մնացած ազատ օրերը երգիչը նախընտրում է անցկացնել Հայաստանում․ շաբաթ-կիրակի ընտանիքի հետ լինում է մայրաքաղաքից դուրս՝ ավելի զով բնակավայրերում․ «Շատ ենք լինում Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում։ Վերջերս հիմնականում Տավուշ ենք այցելում։ Որոշել էինք ընտանիքով գնալ տեղի Մաթոսավանքը, երկու կիլոմետր հատվածը կարծես սար ես բարձրանում, երեխաները չէին տեսել այն, բայց հասկացանք, որ նրանց համար դեռ շուտ է նման հանգիստը, պատրաստ չէին, որովհետև շատ էր քայլելու ճանապարհը»։
Նրա խոսքով՝ երեխաների հետ հանգիստն ավելի պասիվ է ստացվում, սակայն ինքն ակտիվ հանգստի կողմնակից է։
Դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանն էլ հանգստի մեկնել դեռ չի շտապում, այն իր համար աշխատանքային է։ Աշնանը նա մի շարք նորություններ է խոստանում, որոնք արվում են հանդիսատեսի և երկրպագուների համար. «Հիմա շատ ծրագրերի և ներկայացումների ենք պատրաստվում։ Հանգիստը չի ստացվում. իմ ընտրած մասնագիտությունից է։ Ամռանը միշտ աշխատում եմ, քանի որ թե՛ ներկայացումների, թե՛ սցենարական աշխատանքների եմ պատրաստվում»։
Այս տարի դերասանն արտերկրում հանգիստը վայելել է միայն ներկայացումներով՝ շրջագայությունների մեկնելով, եղել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։
«Ազատ օրերը նախընտրում եմ անցկացնել գյուղում՝ Լենուղիում, ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ, աղմուկից հեռու՝ լուռ վայրում լինելն եմ սիրում։ Եթե գնում եմ գյուղ, ապա տնից էլ դուրս չեմ գալիս, կենդանիների հետ եմ սիրում անցկացնել օրը, նաև՝ շունիկների, կատուների։ Իմ սիրելի վայրն իմ ծննդավայրն է՝ Արմավիրը, բայց Հայաստանի բոլոր վայրերում էլ կարելի է հաճելի հանգստ կազմակերպել»,- նկատում է Երանոսյանը։
Դերասանի խոսքով՝ Հայաստանում հանգստանալու դեպքում ավելի շատ նախընտրում է առատ բնությամբ վայրերը՝ Դիլիջան, Իջևան, Շամշադին։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ ավելի շատ ծառեր և թթվածին կա․ «Գնում ենք, տուն ենք վարձակալում և բացահայտում վայրերն ու վայելում մաքուր օդը։ Ծովային հանգիստ էլ եմ սիրում, տարին երկու անգամ ծովափ եմ մեկնում, որովհետև ջուրն էլ է պետք օրգանիզմին, պետք է աշխատես և հանգիստ տաս նրան։ Եվրոպան եմ սիրում, գնում եմ այնտեղ և բացահայտում այնպիսի վայրեր, որտեղ կկարողանամ թանգարաններ այցելել, պատմական վայրեր տեսնել։ Դրանով եմ հարստանում, հոգևոր սնունդ ստանում, լիցքավորվում եմ և անցնում աշխատանքի»։
Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ նախընտրում Է հանգիստն անցկացնել ընտանիքի հետ ծովում։ Յուրաքանչյուր ամառ մեկնում են որևէ երկիր, որտեղ ծով կա․ «Ավելի շատ դա ենք նախընտրում, քան գնալ Փարիզ և տեսնել Էյֆելյան աշտարակը, դա կարող ենք անել աշնան սեզոնին, այնպիսի շրջանում, երբ ծովը պետք չէ մեզ»։
Ըստ նրա՝ Հայաստանում շատ քիչ է ստացվում հանգիստ անցկացնելը, այնուամենայնիվ, սիրում են լինել Լոռվա և Տավուշի մարզերում։ Եթե ընտանիքն իր հետ չէ, ապա ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից է։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ ասում է՝ Հայաստանը ֆանտաստիկ գեղեցիկ երկիր է, որը մասամբ չի գնահատվում: «Անչափ սիրում եմ Տավուշի, Վայոց ձորի մարզերը, Սյունիքը, Լոռին։ Այն վայրերն են, որտեղ կարողանում եմ լիարժեք հանգիստ գտնել։ Մեր երկիրը ոչնչով չի զիջում Շվեյցարիային։ Շատ սիրուն է, հեքիաթային, յուրաքանչյուր մարզ յուրովի գեղեցկություն ունի։ Ես կապված եմ Լոռիի հետ, քանի որ Լոռեցի եմ»,- ասում է նա։
Վերջինիս կարծիքով՝ ամռանը չհանգստացած մարդիկ փոքր-ինչ ագրեսիվ են, սակայն իր համար դժվար չէ այս սեզոնին աշխատելը։ Միևնույն ժամանակ հանգստի դեպքում նախընտրում է պասիվ հանգիստը։
«Շատ եմ ծով սիրում, բայց հիդրոֆոբ եմ՝ վախ ունեմ ջրից։ Նայում եմ պարզապես ծովին, ոտքերս թրջում։ Հիմա այլ եղանակ չկա, պետք է աշխատել, միշտ հասկացել եմ, որ եթե արձակուրդ չունես, ագրեսիվ ես դառնում, հիմա ես հետևում եմ բոլոր նրանց ինստագրամյան սթորիներին, որոնք գնացել են հանգստի և հիշում, որ ես չեմ կարող գնալ, որովհետև արձակուրդ չունեմ։ Բոլոր երկրներում մեկ անգամ եղել եմ։ Ինձ հետաքրքրող երկրներն են Փարիզը, Պրահան, Վիեննան, Ասիան եմ շատ սիրում: Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող եմ գնալ Սինգապուր, Կանբոջա, Չինաստան, Ճապոնիա, Տոկիոն իմ ամենասիրելի երկրներից է, Ռիո դե Ժանեյրոն, Իսլանդիան, մի խոսքով՝ բոլոր տեղերում ուզում եմ լինել, որովհետև միայն ճամփորդելով է փոխվում քո աշխարհայացքը, ոչ մի գիրք, ֆիլմ դրան չի նպաստում»,- կարծում է նա։
Ըստ դերասանուհու՝ հանգստի մեկնելուց 10 օր հետո սկսում է կարոտել Հայաստանը և մտածում, թե իր բացակայության ընթացքում ինչ փոխվեց հայրենիքում։
Դիջեյ Վակցինան ևս աշխատում է ամռանը, քանի որ նրա աշխատանքն այս սեզոնին է հիմնականում ակտիվ․ «Արդեն 10 տարուց ավելի է, ինչ այս գրաֆիկով եմ ապրում, չեմ դժգոհում, բայց կուզեի հնարավորություն լիներ համատեղելու հանգիստն ու աշխատանքը։ Չնայած դա այլ սեզոնի՝ օրինակ՝ աշնան ենք կազմակերպում։ Սիրում եմ լինել այլ երկրներում և բացահայտել պատմական հետաքրքիր վայրերը։ Ծովային հանգիստ չեմ սիրում, նոր վայրեր բացահայտելն է իմ հոբբին։ Պասիվ հանգիստն է ինձ համար ավելի ցանկալի»։
«Միսս Հայաստան», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն էլ այս պահին գտնվում է հանգստի մեջ, նա ընտանիքի հետ Աղվերանում է, ասում է՝ որտեղ ջուր կա՝ ինքն այնտեղ է։
«Թե՛ Հայաստանում եմ սիրում հանգստանալ, թե՛ արտերկրում, ակտիվ հանգիստ եմ սիրում։ Նախընտրում եմ ծովը, օգոստոսն է մեզ համար լինում հանգստյան ամիս։ Հայաստանում սիրելի վայրերը տարբեր են, փորձում ենք մեր երկրի նոր վայրերը բացահայտել։ Լիարժեք հանգստի համար ինձ հարկավոր է միայն ջուր»,- նկատում է նա:
0Comments