Վրաստանը ցանկանում է խստացնել ՌԴ քաղաքացիների՝ երկրում գտնվելու պայմանները

Մանրամասներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խստացնել Ռուսաստանի քաղաքացիների՝ երկրում գտնվելու պայմանները։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

«Անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալական և քաղաքական պարամետրերով, որպեսզի հասարակությունը զգա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը հաշվի են առնվում և պաշտպանվում։  Մեզ անհրաժեշտ են կանոնակարգեր՝ կապված աշխատանքային իրավունքների, բիզնեսի գրանցման, սեփականության ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման հետ»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլին նաև դժգոհություն է հայտնել Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնման հարցում կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշման վերաբերյալ և ասել, որ չի ողջունում նման մտադրությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը շուտով կվերականգնվի։ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն կունենա երկրի բնակիչների վրա։

2022 թվականի հոկտեմբերին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը ռուսների՝ հանրապետություն ներհոսքի ֆոնին։