Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ֆրանսիայի ռազմածովային ուժերը պատրաստվում են 10 ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք։

«Ոչ։ Ավիակիր հարվածային խումբը մնում է Արևելյան Միջերկրականում։ Ֆրանսիայի դիրքորոշումը անփոփոխ է․ պաշտպանական», – նշված է գերատեսչության հայտարարությունում։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։

Ավելի վաղ Ճապոնիայում հայտարարել էին, որ ճապոնական ռազմական նավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում «լուրջ խոչընդոտների» կհանդիպի։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, կարող են ԱՄՆ-ի հետ միասին ռազմական նավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։

Թրամփը, մասնավորապես, նշել էր Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը։

Share.