Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մտահոգություն է հայտնել իր եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալության և պետական պաշտոնում չարաշահումների կասկածի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։«Ես խորը մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի վերաբերյալ լուրի և պետական պաշտոնում չարաշահումների կասկածի մասին», – նշվում է թագավորի հայտարարության մեջ։Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այժմ ընթանում է հարցի լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց՝ համապատասխան ձևով և համապատասխան մարմինների կողմից։
«Այս հարցում, ինչպես արդեն ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը։ Թույլ տվեք հստակ ասել՝ օրենքը պետք է գերակայի։
Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, ճիշտ չի լինի, որ ես լրացուցիչ մեկնաբանություններ անեմ այս հարցի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունը և ծառայել ձեզ բոլորիդ», – նշվում է Չարլզ III-ի հայտարարության մեջ։
Նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որն այսօր դարձավ 66 տարեկան, ձերբակալվել է Նորֆոլկի իր Սանդրինգհեմի կալվածքում: Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։
Ըստ մեղադրանքների՝ Մաունթբաթեն-Վինձորը Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) կարող էր չարաշահել պետական պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։
