ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին այսօր առավոտյան կոմիտեն հաղորդագրություն է տարածել։

Նշենք, որ ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։

«Ն․Կ․-ն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն այս հարցի առնչությամբ ասել է, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն՝ առաջնորդվում են տրված փաստաթղթերով։

«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Մենք թեկնածուին գրանցում ենք ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրված տեղեկանքով»,- նշել է Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքեց իր՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը։ Վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացիությունից բացի նա երբևէ որևէ այլ քաղաքացիություն չի ունեցել։

Share.