Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ: 

Այսպես. 

2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք: 

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է, և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել: 

Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: 

Այնուհետև՝ 2026 թվականի ապրիլի 22-ին, անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք: 

Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես՝ մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ: 

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

·         անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն.

·         հարցաքննվել են անչափահասների կողմից մատնանշված անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները.

·         համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժետ վարութային և ապացուցողական գործողություններ:

Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց:

Share.