Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող AF 447 չվերթի վթարի զոհերի հարազատների հայցը՝ Airbus-ին և Air France-ին մեղավոր ճանաչելով 2009 թվականի ավիաաղետի համար։ Այս մասին հայտնում է France 24‑ը։

Մասնավորապես, դատարանը նրանց ճանաչել է որպես վթարի, ինչպես նաև 228 մարդու չկանխամտածված սպանության «միակ և ամբողջական պատասխանատուն»։ Air France-ը մեղավոր է ճանաչվել, որ բավարար չափող չի պատրաստել իր օդաչուներին արագությունը չափող սարքի մաս համարվող խողովակների սառցակալման դեպքում գործողությունների ձեռնարկման համար։ Իսկ Airbus-ին դատարանը մեղադրել է արագության սենսորների հետ կապված խնդիրները թերագնահատելու և ավիաընկերությանը խնդրի մասին տեղեկացնելու նպատակով անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու համար։

Վճռի համաձայն՝ Airbus-ը և Air France-ը պետք է վճարեն 225,000 եվրո տուգանք։ France 24‑ը նշում է, որ թեպետ դատավճիռը մեծամասամբ խորհրդանշական է, բայց այն վնասում է ընկերությունների հեղինակությանը, որոնք արդարացվել էին առաջին ատյանի դատարանում։ Լսումների ժամանակ ընկերությունների ներկայացուցիչները հերքել են միջադեպին մասնակցությունը և մատնանշել են արտակարգ իրավիճակում օդաչուի սխալը։

2023 թվականի ապրիլի 17-ին Փարիզի դատարանը Airbus-ին և Air France-ին անմեղ ճանաչեց 2009 թվականին Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող ինքնաթիռի կործանման գործով։ Ատլանտյան օվկիանոսն ընկած ինքնաթիռի բոլոր ուղևորները՝ 216 մարդ, ինչպես նաև անձնակազմի 12 անդամ զոհվել էին:

Նույն թվականի ապրիլի 27-ին դատախազությունը որոշեց բողոքարկել այս որոշումը:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ վթարի պատճառը եղել է անձնակազմի վատ պատրաստվածությունը, ինչպես նաև գործողությունների համակարգման բացակայությունը։

Սա համարվում է Ֆրանսիայի ավիացիոն պատմության մեջ վատագույն աղետը։

Share.