Փարիզի դատախազությունը շաբաթ օրը հայտարարել է մագիստրատների հատուկ խմբի ստեղծման մասին, որը պետք է վերլուծի այն ապացույցները, որոնք կարող են վկայել ԱՄՆ-ում դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հանցագործություններին Ֆրանսիայի քաղաքացիների առնչության մասին, գրում է The Guardian-ը։

Քանի որ ԱՄՆ իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո Էփշտեյնի ծանոթների շրջանակն ընդլայնվել է մինչև ֆրանսիացի հայտնի գործիչներ, դատախազությունը հայտարարել է, որ մանրակրկիտ կվերանայի նաև ֆրանսիական մոդելային գործակալության նախկին ղեկավար Ժան-Լյուկ Բրյունելի գործը։ Վերջինս ամերիկացի ֆինանսիստի մտերիմ գործընկերն էր և մահացել է անազատության մեջ 2022 թվականին։

Ինչպես AFP-ին հայտնել են Փարիզի դատախազությունից, նոր թիմը սերտորեն կհամագործակցի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ազգային բաժնի դատախազների և ոստիկանության հետ՝ նպատակ ունենալով հետաքննություն սկսել ցանկացած ենթադրյալ հանցագործության վերաբերյալ, որում ներգրավված են Ֆրանսիայի քաղաքացիներ։

Նպատակն է «կարողանալ որոնել ցանկացած տեղեկություն, որը հնարավոր կլինի օգտակար կերպով կիրառել հետաքննության նոր շրջանակներում»։ Բրյունելին 2022 թվականին մահացած էին գտել փարիզյան բանտի իր խցում այն բանից հետո, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահասների բռնաբարության համար։

Նրա դեմ հարուցված գործը կարճվել էր 2023 թվականին՝ մահվան պատճառով, և այլևս ոչ ոքի մեղադրանք չէր առաջադրվել։

Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը ցույց է տվել․ Բրյունելը եղել է «Ջեֆրի Էփշտեյնի մտերիմ ընկերը»։

Մի քանի ֆրանսիացի հասարակական գործիչներ են հայտնվել ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Էփշտեյնի դոսյեի» նյութերի վերջին հրապարակման մեջ, թեև նրանց հիշատակումն ինքնին չի նշանակում, որ որևէ իրավախախտում է կատարվել։

Դատախազությունը հայտնել է, որ իրենց խնդրել են դիտարկել երեք նոր կոնկրետ գործ՝ կապված ֆրանսիացի դիվանագետի, մոդելային գործակալի և երաժշտի հետ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խնդրանքով գերատեսչությունն ուսումնասիրել է բարձրաստիճան դիվանագետ Ֆաբրիս Էյդանի անվան հայտնվելը Էփշտեյնի հետ կապված փաստաթղթերի արխիվում, որը հրապարակել էին ԱՄՆ իշխանությունները։

Դատախազությունը նաև բողոք է ստացել մի շվեդուհուց՝ ուղղված մոդելների հավաքագրմամբ զբաղվող Դանիել Սիադի դեմ, որը սերտորեն կապված էր Էփշտեյնի հետ։ Կինը նրան մեղադրել է «սեռական գործողությունների մեջ, որոնք նա անվանում է բռնաբարություն և որոնք, հնարավոր է, կատարվել են Ֆրանսիայում 1990 թվականին»։

Գերատեսչությունը բողոք է ստացել նաև ֆրանսիացի դիրիժոր Ֆրեդերիկ Շասլենի դեմ, որում պնդումներ կան 2016 թվականին կատարված սեռական ոտնձգությունների վերաբերյալ։

«Էփշտեյնի դոսյեի» վերջին հրապարակումը հանգեցրել է նրան, որ Ֆրանսիայի նախկին նախարար Ժակ Լանգը հրաժարական է տվել մշակութային խոշորագույն հաստատության՝ Արաբական աշխարհի ինստիտուտի ղեկավարի պաշտոնից։

Share.