Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է «ևս մեկ Վիետնամի» հետ առերեսվել, եթե որոշի ցամաքային զորքեր ուղարկել Իրան։

«Պարզապես նայեք, թե ինչ տեղի ունեցավ Վիետնամում», — նշել է նա Sky News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ամերիկացի զինվորներին կարող է սպասվել նույն ճակատագիրը. «Նրանք հասկանում են, որ նրանք, ովքեր իրենց ներքաշել են այս պատերազմի մեջ, կարող են նաև ներքաշել մի «ճահճի» մեջ, որից դուրս գալ չի լինի»։

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է մարտական գործողություններ վարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և այս պահին կենտրոնացած չէ դիվանագիտական լուծումների վրա։ Բանակցությունների հնարավորությունը չի բացառվում, սակայն, նրա խոսքով, նախաձեռնությունը պետք է գա ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից՝ կոնկրետ առաջարկի տեսքով, որը վերջնականապես վերջ կդնի հակամարտությանը։

Նա նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու համար. «Նրանք պետք է լավ մտածեն Իրանի հետ գործ ունենալուց առաջ և չհիմնվեն այն մարդկանց խորհուրդների վրա, ովքեր չեն ճանաչում Իրանին և ովքեր տասնամյակներ շարունակ փորձել են հաղթել Իրանի դեմ պատերազմում՝ օգտագործելով ամերիկացի հարկատուների գումարներն ու զինվորների արյունը»։

«Նեթանյահուն և իսրայելական վարչակարգը հետապնդում են սեփական նպատակները՝ փորձելով այս պատերազմն իրենց համար հաղթական դարձնել բոլորի հաշվին», — հավելել է նա։

Խաթիբզադեն նաև հավաստիացրել է, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «ողջ-առողջ է և վերահսկում է իրավիճակը», չնայած այն հանգամանքին, որ դեռևս չի երևացել հանրությանը։

Share.