Տուապսեում բնակելի շենքերի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

«Տուապսեում բնակելի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչությունը երկու անչափահասի կյանք է խլել՝ 5 և 14 տարեկան… Այս գիշեր տարածաշրջանը կրկին ենթարկվել է թշնամու ԱԹՍ–ների զանգվածային հարձակման»,- Telegram-ում գրել է Կոնդրատևը։

Նախնական տեղեկություններով՝ ևս երկու մեծահասակ է տուժել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։

Երկրամասի ղեկավարը նաև հայտնել է, որ բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է 5 մասնավոր տուն և 1 բազմաբնակարանային շենք։

Քաղաքապետարանը բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետեր է բացում։

Բազմաթիվ բեկորներ են ընկել նաև ծովային նավահանգստի մոտ գտնվող ձեռնարկությունների տարածքում։

Սոչիի Լոո գյուղում անօդաչուների բեկորները ընկել են մի քանի վայրերում։ Մի դեպքում վնասվել է երկհարկանի մասնավոր տան մուտքի ծածկն ու պատուհանները, տուժածներ չեն եղել։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Share.