Հնագետները, վերջապես, հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած ամենաառեղծվածային հին քաղաքներից մեկը, քաղաք, որն անտիկ աղբյուրներում հայտնի է որպես Charax Spasinou կամ Alexandria on the Tigris, գրել է Popular Mechanics-ը։
Այս մեգապոլիսը երկար ժամանակ կորած է համարվել, գիտնականները նրա մասին գիտեին միայն պատմիչների հիշատակումներից, բայց գտնվելու ճիշտ տեղը մնում էր վեճերի առարկա տասնամյակներ շարունակ։
Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. մոտ 324թ․, Ալեքսանդրի արեւելյան արշավանքի ժամանակ, երբ նրա բանակը արդեն վերահսկում էր ընդարձակ տարածքներ Հունաստանից մինչեւ Պարսկաստան։ Նրա դիրքը ռազմավարական էր․ առեւտրային ուղիների հատման կետում, Միջագետքի, Հնդկաստանի եւ Միջերկրածովի միջեւ, Տիգրիս գետի կողքին, որը ելք էր ապահովում դեպի Պարսից ծոց։
2014թ․ սկսված ժամանակակից հնագիտական աշխատանքների ընթացքում հետազոտողներն օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ գետնի վրա հիմնված երկրաֆիզիկական քարտեզագրում, անօդաչու թռչող սարքերից նկարահանում եւ մագնիսաչափություն՝ մակերեսի տակ գտնվող հսկայական, մանրակրկիտ նախագծված քաղաքային ցանցը բացահայտելու համար: Բացահայտվել են լայն, ուղիղ փողոցներ, բնակելի թաղամասեր, տաճարներ, արհեստանոցներ, ջրանցքներ եւ նավահանգստային կառույցներ, ինչը վկայում է քաղաքի բարձր կազմակերպվածության եւ որպես առեւտրային կենտրոն կարեւորության մասին։
Հայտնագործությունն ինքնին սովորական պեղումների արդյունք չէր. տարածաշրջանում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով տարածք ուղիղ մուտք գործելը երկար տարիներ դժվար էր: Սակայն հեռազննման եւ երկրաֆիզիկայի համադրությունն էր, որ թույլ տվեց գիտնականներին վերականգնել քաղաքի հատակագիծն առանց լայնածավալ միջամտության։
Հետազոտողների կանխատեսմամբ՝ հետագա պեղումները կտան ավելի պարզ պատկերացում հին քաղաքի սոցիալական կառուցվածքի եւ տնտեսության, բնակիչների առօրյա կյանքի եւ Charax Spasinou-ի դերի մասին հին աշխարհի առեւտրային եւ մշակութային կապերում:
