Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը իր շրջապատին հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ բրիտանական կառավարության ղեկավարը մտադիր է ինքնուրույն որոշել պաշտոնից հեռանալու ժամկետները։
«Կիրը հասկանում է քաղաքական իրականությունը։ Նա գիտակցում է, որ ստեղծված իրավիճակը երկար չի կարող շարունակվել։ Նա ցանկանում է հեռանալ արժանապատվորեն և իր պայմաններով», – թերթը մեջբերում է իր աղբյուրներից մեկի խոսքերը։
Ընդ որում, հրաժարականի հնարավոր հայտարարության ստույգ ժամկետները դեռ հայտնի չեն։ Ինչպես պնդում են աղբյուրները, պաշտոնյաների մի մասը կոչ է անում Սթարմերին զերծ մնալ հրապարակային քայլերից մինչև Մեյքերֆիլդում լրացուցիչ ընտրությունների առաջին արդյունքների և ձայների հաշվարկի տվյալների ի հայտ գալը:
«Մորգան Մաքսուինին անընդհատ համոզում է նրան չշտապել», – հայտարարել է նախարարներից մեկը:
Միևնույն ժամանակ, վարչապետի կողմնակիցները պնդում են, որ Սթարմերը մտադիր չէ սպասել լրացուցիչ ընտրությունների արդյունքներին և չի ցանկանում ձգձգել որոշումը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել պաշտոնը՝ չնայած տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության ծանր պարտությանը և կուսակցության ներսում աճող ճնշմանը: Այն ժամանակ նա նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիան ռիսկի է գնում ընտրելու «մութ ճանապարհ»:
«Գիտեմ, որ մարդիկ դժգոհ են երկրի վիճակից, դժգոհ են քաղաքականությունից, իսկ ոմանք՝ անձամբ ինձնից։ Հասկանում եմ, որ շատերը կասկածներ ունեն ինձ հետ կապված, և ես պետք է ապացուցեմ, որ նրանք սխալվում են», – ասել է Սթարմերը Լոնդոնում ունեցած ելույթի ժամանակ։
Մեծ Բրիտանիայում մայիսի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուրջ հարված են հասցրել Լեյբորիստական կուսակցությանը։ Նայջել Ֆարաջի գլխավորած աջակողմյան պոպուլիստական «Reform UK» կուսակցությունը հասել է ամենամեծ հաջողությանը՝ նվաճելով ավելի քան 300 տեղ։
Ինչպես նշել է AP-ն, Սթարմերի վարկանիշը զգալիորեն նվազել է 2024 թվականի հուլիսին նրա իշխանության գալուց ի վեր թույլ տրված մի շարք քաղաքական սխալ քայլերից հետո: Կառավարությունը դժվարությունների է բախվում հիմնական խոստումները կատարելու հարցում՝ տնտեսական աճի ապահովում, հանրային ծառայությունների բարեփոխում և ճգնաժամի լուծում: Իրավիճակն էլ ավելի է բարդացել Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման խափանումների պատճառով:
