Սաուդյան Արաբիան կարող է «ռազմական գործողություններ» ձեռնարկել Իրանի դեմ, այն բանից հետո, երբ Թեհրանը սաստկացրեց երկրի վրա հարձակումները, CNN-ին ասել է արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տարածաշրջանային արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո Ալ Սաուդը CNN-ի թղթակից Նիք Ռոբերտսոնին ասել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կպատասխանի Իրանին, «եթե դա անհրաժեշտ համարի»։
«Մենք չենք խուսափի մեր երկիրն ու մեր տնտեսական ռեսուրսները պաշտպանելուց»,- ասել է նա։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն Իրանին մեղադրել է «սովորական սաուդցիների կենսապահովման վրա հարձակվելու» մեջ։ «Ո՞րն է դրա նպատակը,- հարցրել է նա,- Ի՞նչ ռազմական նպատակներ կարող են լինել նավթավերամշակման գործարանի վրա հարձակվելիս»։
Ալ Սաուդը նաև քննադատել է Իրանի՝ «դիվանագիտությունից հրաժարվելու որոշումը»։
«Նա չի հավատում իր հարևանների հետ բանակցություններին։ Նա փորձում է ճնշում գործադրել իր հարևանների վրա,- ասել է նախարարը,-Եվ ես կարող եմ կտրականապես ասել, որ դա չի աշխատի։ Թագավորությունը մտադիր չէ տեղի տալ ճնշմանը։ Ընդհակառակը, այս ճնշումը հակառակ արդյունք կտա»։
