Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ նավթի գները կարող են բարձրանալ և մեկ բարելի դիմաց հատել 180 դոլարի սահմանը։ Այդ ամենը տեղի կունենա, եթե Իրանի շուրջ շարունակվող հակամարտությամբ պայմանավորված մատակարարման խափանումները պահպանվեն 2026 թվականի ապրիլից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Brent տեսակի նավթը վաճառվում է բարելի դիմաց մոտ 119 դոլարով, իսկ Oman տեսակի նավթի գինը գերազանցում է 166 դոլարը, ինչն արտացոլում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցով տեղաշարժի սահմանափակումների հետևանքները։
Սաուդյան Արաբիայի նավթային պաշտոնյաները նշում են, որ գների նման աճը կարող է մեծացնել Էր Ռիադի եկամուտները, սակայն միևնույն ժամանակ լուրջ մտահոգություններ է առաջացնում էներգակիրների համաշխարհային պահանջարկի նվազման և տնտեսական ակտիվության դանդաղման վերաբերյալ։
Փորձագետները զգուշացնում են, որ նավթի կայուն բարձր գները կարող են ուժգնացնել գնաճը, կրճատել սպառումը և ազդել համաշխարհային տնտեսական հեռանկարների վրա, հատկապես էներգիա ներկրող երկրների համար։
