Հինգշաբթի օրը օդային հարձակման է ենթարկվել Կարմիր ծովի ափին գտնվող Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստը։ Այս մասին «Reuters» գործակալությանը հայտնել է սեփական աղբյուրը։

Նա հավելել է, որ հարձակման հետևանքները նվազագույն են եղել։

Գործակալությունը պարզաբանել է, որ հինգշաբթի օրը օդային հարձակման է ենթարկվել նավթային հսկա Saudi Aramco-ին պատկանող SAMREF նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Կարմիր ծովի Յանբու նավահանգստում։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացում էր տարածել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի մի շարք նավթային օբյեկտների տարհանման վերաբերյալ:

Ներկայումս Յանբու նավահանգիստը Պարսից ծոցի երկրների համար հում նավթի արտահանման միակ հանգույցն է, քանի որ Իրանը փաստացիորեն փակել է Հորմուզի նեղուցը։ Վերջինս Օմանի հետ համատեղ վերահսկվող ջրային նեղ ուղի է, որով սովորաբար անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Share.