Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների հնչեցրած ելույթները։ Ինչպես հայտնում է «Գրուզզիա-Օնլայն»-ը, Սաակաշվիլին սոցցանցերում գրել է, թե հուղարկավորությունը վերածվել է «Իվանիշվիլիի միակողմանի կուսակցական և ընտանեկան միջոցառմանը»։
«Հենց այսպես է գործում իսկական մաֆիան։ Եկեք նայենք ժամանակագրությանը.
2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Իվանիշվիլին Չխարտիշվիլիին ուղարկել է Պատրիարքի մոտ՝ հրաժարականի առաջարկով։ Պատրիարքի մերժումից հետո բորբոքվել է «ցիանիդի սկանդալը», ինչից հետո նա համաձայնել է տեղապահ նշանակել։
Այնուհետև, Պետրե սրբազանի նախաձեռնությամբ, Պատրիարքի դեմ լայնածավալ քարոզչական գրոհ է սկսվել, որին պաշտպանել է Սինոդը։
Սինոդի դեմ սկանդալ է բորբոքվել՝ այսպես կոչված «ֆայլերի» շուրջ։ Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնցում հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ ներկայացված են եղել բացասական լույսի ներքո։
Շուտով տեղի է ունեցել Պատրիարքի լիակատար մեկուսացումը։ Առանց վերահսկողների նրան ոչ մի տեղեկություն չէր հասնում, և նրանից ոչ մի լուր դուրս չի եկել. ոչ ոք չի կարողացել այցելել նրան։
2024 թվականին փորձեր են արվել եկեղեցուն պարտադրել պետական հաստատության կարգավիճակ, սակայն Սինոդի դիմադրությունից հետո վարչակարգը ժամանակավորապես նահանջել է։
Պատրիարքի մահից հետո Իվանիշվիլին ցանկացել է, որ նրան հուղարկավորեն ոչ թե Սիոնի տաճարում, այլ Սամեբայում՝ հանգուցյալի կամքին հակառակ։ Սիոնում այս որոշումը չի ընդունվել ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։
Եվ վերջապես, Պատրիարքի հուղարկավորությունը վերածվել է Իվանիշվիլիի կուսակցական և ընտանեկան միակողմանի միջոցառման։
Այսպիսով, ավարտին է հասցվում եկեղեցու ռեյդերային զավթման մաֆիոզ գործողությունը»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։
