Ռուսաստանի կառավարությունը քննարկել է Ֆինանսների նախարարության պատրաստած «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի և Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք խստացնում են առանց վիզայի երկրներից ժամանած աշխատանքային միգրանտների կեցության տնտեսական պայմանները։ Ըստ «Коммерсант»-ի, փաստաթղթերը մշակվել են Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ և կարող են ուժի մեջ մտնել 2027 թվականից։

Փոփոխություններն ընդլայնում են այն օտարերկրացիների շրջանակը, որոնք պարտավոր են արտոնագրի (պատենտի) համար եկամտահարկի ֆիքսված կանխավճար վճարել։ Ցանկում կներառվեն Ռուսաստանում ժամանակավոր և մշտական բնակվող այն միգրանտները, որոնք աշխատում են ֆիզիկական անձանց մոտ՝ անձնական և տնային կարիքների համար։ Եթե արտոնագիր ունեցողն ունի անչափահաս երեխաներ կամ այլ խնամյալներ, յուրաքանչյուրի համար պետք է հավելյալ վճարի իր վճարի 50%-ի չափով։ 18 տարին լրանալուց հետո այդ երեխաները պետք է արտոնագիր ձևակերպեն կամ հեռանան երկրից, եթե բնակության այլ հիմքեր չկան։

Ամսական վճարի բազային չափը 1,2 հազար ռուբլի է, որը բազմապատկվում է գործակիցներով։ Մոսկվայում գումարը հասնում է ամսական 10 հազար ռուբլու, իսկ մարզերում՝ 3,4 հազարից մինչև 27,3 հազար ռուբլու։

Օրինագիծը նախատեսում է տվյալների փոխանակման ուժեղացում ՆԳՆ-ի և Դաշնային հարկային ծառայության միջև։ Արտոնագիրը երկարաձգելու համար միգրանտը պետք է հաստատի «մաքուր» եկամուտը, որը չպետք է ցածր լինի տարածաշրջանի կենսապահովման նվազագույնից՝ հաշվի առնելով իրեն և ընտանիքի անդամներին։ Հարկային մարմինները յուրաքանչյուր եռամսյակ ՆԳՆ-ին կփոխանցեն օտարերկրացիների եկամուտների մասին տեղեկությունները։

Share.