Ռուսական զորքերը փետրվարի 26-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի մարզերի։ Տուժել է մոտ 20 մարդ, վնասվել են բնակելի տներ։

Խարկովի մարզին հասցված հարվածի հետևանքով Խարկով քաղաքում և Ռայ-Օլենևկա գյուղում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանը Խարկովի վրա հարձակվել է 17 անօդաչու սարքով և երկու հրթիռով։

Հարձակման թիրախում է հայտնվել նաև Զապորոժիեն։ Վնասվել են 19 բազմաբնակարան շենքեր, չորս առանձնատներ և ոչ բնակելի շինություններ, մանրամասնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ Նրա հաղորդմամբ՝ հարձակումից հետո քաղաքի երեք շրջանների ավելի քան 500 տներում ջեռուցում չկա։ Ամփոփելով օրվա տվյալները՝ Ֆեդորովը գրել է, որ ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հստակեցրել է, որ գիշերային հարձակման հետևանքով տուժել է մեկ մարդ։

Ըստ նախնական տվյալների՝ Կիևում տուժածներ չկան: Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է իննհարկանի շենք: Վնասներ կան նաև Պեչերսկի և Գոլոսեևսկի շրջաններում:

Հարձակման է ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգը. այնտեղ կա երկու տուժած՝ 89-ամյա տղամարդ և 82-ամյա կին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան: Հարձակումից հետո քաղաքում հրդեհ է բռնկվել:

Share.