Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը: Այս մասին հայտնել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով` ներառյալ հեռահարությունը, նետվող զինամթերքը և հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու հնարավորությունները:

Կարակաևը նաև հայտարարել է, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:

««Սարմատ» հրթիռային համալիրով արձակման կայանքների տեղակայումը զգալիորեն կբարձրացնի ռազմավարական միջուկային ուժերի ցամաքային խմբավորման մարտական հնարավորությունները՝ օբյեկտների երաշխավորված խոցման և ռազմավարական զսպման խնդիրների լուծման համար», – ասել է Կարակաևը:

Զորատեսակի հրամանատարը նախագահին զեկուցել է, որ առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև ընթացիկ տարվա վերջ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի զորամիավորումում:

Share.