Տնտեսության «սպիտակեցմանն» ուղղված աշխատանքների շրջանակում Ռուսաստանը խստորեն կպաշտպանի ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից Ռուսաստան մտնող ապրանքներից։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա կարծիքով՝ գործընկեր երկրների հետ առևտրում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը պետք է ուղեկցվի ռուսական շուկա մտնող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ. «Արտաքին շուկաներում սահմանափակումների վերացմանը զուգահեռ, մենք, իհարկե, ձգտում ենք թույլ չտալ, որ անբարեխիղճ մրցակցություն լինի ներմուծման կողմից ներքին շուկայում։ Եվ այստեղ մենք աշխատանքներ ենք տանում տնտեսության սպիտակեցման մասին որոշման համաձայն»։
«Նախևառաջ սա կապված է այն փաստի հետ, որ մենք բաց մաքսային սահման ունենք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ և մեր շուկայում են հայտնվում ապրանքներ, որոնք անբարեխիղճ մրցակցություն են ստեղծում մեր ներքին շուկայի համար։ Եվ այս հարցում մենք տրամադրված ենք շատ խիստ միջոցների՝ այդ անբարեխիղճ գործելաոճը կանխելու համար», – ընդգծել է Օվերչուկը։
Այդ աշխատանքի մասն է ընթացիկ տարում ապրանքների մատակարարման սպասման հաստատման համակարգի (СПОТ) գործարկումը, որի շրջանակներում ներմուծողը պետք է հաստատի ԵԱՏՄ անդամ պետությունից ապրանքի մատակարարման գործարքի կնքման փաստը և սահմանված կարգով ձևակերպի համապատասխան փաստաթուղթը, նշել է փոխվարչապետը։
2025 թվականի սեպտեմբերին «ապրանքների անօրինական ներմուծումն ու արտահանումը կանխելու և դրանց տարանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով» Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել շարժական խմբերի հսկողությունը՝ պետական սահմանի ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հատվածներում։ «Անմիջապես ուզում եմ ասել, որ սա ինչ-որ ժամանակավոր արշավ չէ, (…) մենք այս վերահսկողությունը շարունակելու ենք մշտապես։ Ինչ-որ մեկը փորձում էր սպասել ղազախական կողմի սահմանին՝ հուսալով, որ ուշադրությունը կթուլանա։ Չի՛ թուլանա։ Սա մեր հստակ դիրքորոշումն է և մենք հավատարիմ ենք մնալու դրան», – ընդգծել է Օվերչուկը։
Ստուգումներն իրականացվում են ՆԳՆ-ի, Ռոսգվարդիայի, ԱԴԾ սահմանապահ ծառայության, Ռոսսելխոզնադզորի, Ռոսպոտրեբնադզորի և Ռոստրանսնադզորի տարածքային մարմինների հետ համագործակցությամբ։ «2025 թվականին շարժական խմբերի կողմից հայտնաբերվել է ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են 137 հազար տոննա ապրանք՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ», – հայտնել է պաշտոնյան։
Զուգահեռաբար Ռուսաստանը պայքար է սկսել «գորշ» սերտիֆիկատների դեմ, որոնք ձևակերպվում են ԵԱՏՄ երկրների տարածքում՝ առանց պատշաճ փորձաքննության անցկացման։
«Ի՞նչ տեսանք մենք։ Տեսանք, որ երբ սկսեցինք խստացնել վերահսկողության միջոցները մեզ մոտ, համապատասխան որոշումների որոշակի արտահոսք տեղի ունեցավ դեպի Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հարթակներ։ Այսինքն՝ նման փաստաթղթերի հիման վրա մեր շուկա մտնող արտադրանքը ոչ միայն անբարեխիղճ մրցակցություն է ստեղծում ռուսաստանյան ապրանք արտադրողների համար, այլև վտանգ է ներկայացնում սպառողի համար։ (…) Ներքին շուկան կեղծարարությունից պաշտպանելու նպատակով 2025 թվականի վերջին Պետհսկողության և «Ռոսակրեդիտացիայի» մարմինները լիազորություններ ստացան կասեցնելու ԵԱՏՄ երկրներում տրված սերտիֆիկատների ու հայտարարագրերի գործողությունը և համապատասխան աշխատանքն արդեն սկսված է», – նշել է նա։
Օվերչուկը նաև հիշեցրել է, որ փետրվարի 11-ից ԵԱՏՄ-ում սկսվել է էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, որոնց օգտագործումը փոխադրումների ժամանակ «պետք է խոչընդոտ դառնա մեր ներքին շուկա այնպիսի ապրանքների ներթափանցման համար, որոնք չպետք է այստեղ լինեն»։
