Ապրիլի 11-ի գիշերը ռուսական զորքերի կողմից Օդեսայի ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ թիրախում է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը. վնասվել են տասնյակ մասնավոր և բազմաբնակարան տներ, հանրակացարան, մանկապարտեզ, սննդի օբյեկտներ։ Բացի այդ, վնասներ են կրել նաև ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։
Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել։ Կրակը մարելուց հետո փրկարարները երկու դի են հայտնաբերել։
Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի գիշերը ռուսական զինուժը 160 հարվածային անօդաչուներով գրոհել է Ուկրաինան։ Ուկրաինական ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել կամ վնասազերծել 133 դրոն։ «Արձանագրվել է 20 հարվածային ԱԹՍ-ի հարված 10 տարբեր վայրերում, ինչպես նաև խոցված սարքերի բեկորների անկում 11 այլ վայրերում»,- ասված է Ուկրաինայի ԶՈւ հայտարարության մեջ։
