3-6 ամիս անց հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան սահմանափակելու VPN-թրաֆիկը, ինչը նշանակում է, որ Telegram-ը Ռուսաստանում չի աշխատի նույնիսկ VPN-ի միջոցով: Այս մասին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Անդրեյ Սվինցովը:

Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի:

«Եթե որևէ մեկը կարծում է, թե բոլորը պարզապես VPN կներբեռնեն և կշարունակեն օգտվել մեսենջերից, ապա պիտի տխրեցնեմ ձեզ: Ոչինչ չի աշխատելու: Կմնան միայն օրինական VPN ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ԶԼՄ-ների աշխատանքի համար: Ռոսկոմնադզորը կարող է ամեն ինչ վերահսկել»,- ասել է նա:

Հիշեցնենք` Ռոսկոմնադզորը փետրվարի կեսերին հայտարարել էր, որ կշարունակի հետևողական սահմանափակումների կիրառումը Telegram-ի նկատմամբ՝ ՌԴ օրենքների կատարմանը հասնելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար:

Գերատեսչությունը նշել էր` ռուսական օրենսդրությունն անտեսող ծառայությունների համար նախատեսված են աստիճանական սահմանափակումներ՝ խախտումները վերացնելու դեպքում դրանք հանելու հնարավորությամբ: Սակայն մի շարք մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, այդ խախտումները չեն վերացրել:

Share.