Հայաստանը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է վնասել Ռուսաստանի շահերին։ Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Շնող գյուղում իրականացնելով երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ։ 2018 թվականից մինչ օրս մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել», – վստահեցրել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը գերտերություն է և նրան պետք է վերաբերվել հարգանքով։ «Ես հենց այդպես էլ վերաբերվում եմ, ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ՌԴ նախագահին։ Ես իրանց մի բան եմ ասում՝ մենք ոչինչ չենք արել և չենք անի իրանց շահերը վնասելու համար։ Մենք չենք կարող ՌԴ-ի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին։ Սա լեգիտիմ դիրքորոշում է։ Մենք հակասության և հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի մեջ չենք մտնելու Ռուսաստանի հետ։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
