Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարին, որոնց կազմում են նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերը (ՀՕՊ, ՀՀՊ)։
Գեներալ Վիկտոր Աֆզալովի փոխարեն, որը ղեկավարում էր ՕՏՈւ-ն 2023 թվականից, այս պաշտոնում նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, հայտնում է РБК-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
54-ամյա Չայկոն, ով Մոսկվայի Սուվորովյան ուսումնարանի շրջանավարտ է, 2010-ականների վերջին հրամանատարել է ռուսական զորքերը Սիրիայում, իսկ 2021 թվականից ղեկավարել է Արևելյան ռազմական օկրուգը։ Ըստ ԵՄ տվյալների՝ «Ռուսաստանի հերոսի» կոչում ստացած Չայկոն առնչություն ունի Բուչայի իրադարձություններին. նա է ղեկավարել այն զորախումբը, որին մեղադրում են Կիևի մոտակայքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մեջ։ 2026 թվականի մարտի 16-ին՝ ողբերգության չորրորդ տարելիցին, Եվրամիությունը անհատական պատժամիջոցներ է սահմանել Չայկոյի և ևս 8 ռուս զինվորականների նկատմամբ։
Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հրամանատարին (որը պատասխանատու է նաև ՀՕՊ-ի համար) փոխելու որոշումը Պուտինը կայացրել է անօդաչու թռչող սարքերի մի շարք հարձակումներից հետո, որոնք հակաօդային պաշտպանությունն այդպես էլ չի կարողացել հետ մղել։ Մարտի վերջին ԱԹՍ-ների հարվածների տակ են հայտնվել նաև Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային նավահանգիստները։ Հարվածների արդյունքում դադարեցվել են արտահանումները։ Ապրիլին ՌԴ տարածքում 20 անգամ հարված է հասցվել նավթային օբյեկտներին։ Հարվածների տակ են հայտնվել առնվազն 9 նավթավերամշակման գործարաններ, որոնցից 5-ը դադարեցրել են արտադրությունը, ինչի հետևանքով նավթի վերամշակումը երկրում կրճատվել է՝ հասնելով 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։
Չորս անգամ հարվածի տակ են հայտնվել Տուապսեի նավահանգիստն ու նավթավերամշակման գործարանը, որտեղ արդյունքում այրվել են տասնյակ հազարավոր տոննա նավթ և նավթամթերք, քաղաքի վրա տեղացել են «նավթային անձրևներ», իսկ ծովում տեղի է ունեցել մազութի արտահոսք։ Ապրիլի 30-ին իրավիճակը կրկնվել է Պերմում, որտեղ հարվածի տակ են հայտնվել «Տրանսնեֆտի» պահեստարաններն ու «Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, որը երկրում հզորությամբ յոթերորդն է։
Անօդաչուներից բխող սպառնալիքի պատճառով Կրեմլը ստիպված է եղել կրճատել Մոսկվայում անցկացվող Հաղթանակի շքերթը․ 2009 թվականից ի վեր առաջին անգամ այն կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի։ Շքերթի տևողությունը կլինի մեկ ժամից պակաս՝ ավանդական մեկուկես ժամի փոխարեն։ Բացի այդ, Պետդումայի պատգամավորներին նույնպես չեն թույլատրի մուտք գործել տրիբունաներ։
