Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Եվգենի Պրիմակովին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնում նշանակել է Իգոր Չայկային՝ ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդուն։ Մինչ այս նշանակումը Իգոր Չայկան զբաղեցրել է գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Իգոր Չայկան հայտնի է դարձել Ալեքսեյ Նավալնիի՝ 2015 թվականին հրապարակված հետաքննությունից հետո, որը պատմում էր Իգորի և նրա եղբոր՝ Արտյոմ Չայկայի բիզնեսի ու ունեցվածքի մասին։ Հետաքննության հրապարակումից հետո «Ռոսռեեստրը» (անշարժ գույքի պետական ռեգիստրը) փոփոխություններ էր կատարել նրանց անշարժ գույքի մասին տվյալներում. Արտյոմ Չայկան վերանվանվել էր «ЛСДУ3», իսկ Իգոր Չայկան՝ «ЙФЯУ9»։ Ավելի ուշ գերատեսչությունը Չայկայի որդիների անվան փոխարեն նշել է՝ «տվյալը բացակայում է» տողը։
2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իգոր Չայկայի նկատմամբ՝ Մոլդովայի ներքին գործերին միջամտելու համար։ Պատժամիջոցների ցուցակում նշվել է նաև նրա այլընտրանքային անունը՝ «ЙФЯУ9» ծածկագիրը։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» ԱՊՀ գործերի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության կրճատ անվանումն է։
Կազմակերպությունը գործում է 2008 թվականից և 87 ներկայացուցչություն ունի աշխարհի 71 երկրում։ Ոչ պաշտոնական շրջանակներում այդ ներկայացուցչություններն անվանում են «Ռուսական տներ»։
Գերատեսչության խնդիրներից մեկը արտերկրում Ռուսաստանի շահերի առաջմղումն է։ «Վաժնիե իստորիի» պարբերականի հաշվարկներով՝ 2025 թվականի ոչ լրիվ տվյալներով «Ռոսսոտրուդնիչեստվոն» օտարերկրացիների համար նախատեսված ծրագրերի վրա ծախսել է 412 միլիոն ռուբլի։
