Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից հետո Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները լուրջ վերանայման կարիք են պահանջելու։ Դա կօգնի սահմանափակել արտաքին ուժչների ազդեցությունը և տարածաշրջանի բարգավաճման համար պայմաններ ստեղծել, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպան Ալիռեզա Էնայաթին։
Հարցին՝ արդյոք նա վախենում է, որ պատերազմը կվնասի հարաբերություններին, դեսպանը պատասխանել է. «Դա ճիշտ հարց է, և պատասխանը կարող է պարզ լինել։ Մենք հարևաններ ենք և չենք կարող առանց միմյանց. մեզ լուրջ վերանայման կարիք կունենանք։ Վերջին հինգ տասնամյակների ընթացքում տարածաշրջանը բախվել է [տարածաշրջանի ներսում] բացառիկ քաղաքականության և արտաքին ուժերից չափազանց կախվածության»։
Էնայաթին հերքել է, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների, դրանց թվում՝ արևելյան ափին գտնվող Ռաս Տանուրա նավթավերամշակման գործարանի և ԱՄԷ-ի սահմանի մոտ անապատում Շայբահ նավթահանքի վրա անօդաչու թռչող սարքերով հարվածների փորձերի համար։ «Իրանը պատասխանատու չէ այդ հարձակումների համար, և եթե մենք դրանք իրականացնեինք, կհայտարարեինք դրա մասին»,- ասել է դեսպանը։
Ըստ Էնայաթիի՝ Իրանը հարձակվում է միայն Միացյալ Նահանգների և Իսրայելի թիրախների և շահերի վրա։
Նա հավելել է, որ անձամբ մշտական կապ է պահպանում սաուդյան պաշտոնյաների հետ, և հարաբերությունները «բնականաբար զարգանում են» բազմաթիվ ոլորտներում։ Դեսպանն ընդգծել է Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կրոնական ուխտագնացության համար երկրում գտնվող իրանցիներին հայրենադարձելու, ինչպես նաև ուրիշներին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում։
Էնայաթին հայտնել է, որ Թեհրանը կապի մեջ է Էր Ռիադի հետ՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ, որ իր տարածքը, ծովային և օդային ուժերը չեն օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, սակայն քննարկումների մանրամասները նա չի բացահայտել։
Դիվանագետը նշել է, որ պատերազմը պարտադրվել է Իրանին և տարածաշրջանին։ Այն կարգավորելու համար Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն իրենց հարձակումները, իսկ տարածաշրջանային երկրները պետք է դուրս մնան հակամարտությունից։ Անհրաժեշտ լլինեն միջազգային երաշխիքներ՝ նման իրադարձությունների կրկնությունը կանխելու համար։
«Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կենտրոնանալ բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- եզրափակել է դեսպանը։
