Երուսաղեմում փակվել է Սուրբ Հարության տաճարը։ Այն քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրն է, որտեղ, եկեղեցական ավանդության համաձայն գտնվում են Գողգոթան (Հիսուս Քրիստոսի խաչելության վայրը) և այն գերեզմանը, որից նա հարություն է առել։ Տաճարի փակումը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և անվտանգության միջոցառումների խստացման ֆոնին, հայտնում է Alateia-ն։

Այդ ժամանակից ի վեր տաճարի մուտքն ամբողջությամբ շրջափակված է, ինչպես նաև խիստ սահմանափակումներ են մտցվել Երուսաղեմի Հին քաղաքի առանցքային սրբավայրեր այցելելու համար։

Տարիների ընթացքում առաջին անգամ բազիլիկի ներսում մի քանի շաբաթով դադարեցվել են ժամերգությունները։

Սովորաբար տաճարում գրեթե անդադար աղոթք է արվում։ Ժամերգություններն անցկացնում են սրբավայրը համատեղ տնօրինող քրիստոնեական երեք համայնքները՝ Հույն ուղղափառ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցին և Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

Այժմ պատարագները, լիտուրգիաները և քարոզները ժամանակավորապես չեն մատուցվում, իսկ տաճարը մնացել է առանց ուխտավորների:

Իսրայելական իշխանությունները տաճարի փակումը բացատրել են անվտանգության նկատառումներով: Տարածաշրջանում հակամարտությունն ուղեկցվում է հրթիռակոծություններով, իսկ վերջին օրերին խոցված հրթիռների բեկորներն ընկել են Երուսաղեմի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ Հին քաղաքի հարևանությամբ:

Եկեղեցական ներկայացուցիչների հաղորդմամբ՝ բեկորներից մեկն ընկել է Սուրբ Հարության տաճարից (Տիրոջ Գերեզմանի տաճար) ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել:

Այս միջադեպերն ուժեղացրել են պատմական սրբավայրի անվտանգության վերաբերյալ անհանգստությունը:

Նույնիսկ նախորդ պատերազմների և քաղաքական ճգնաժամերի ժամանակ տաճարում ժամերգությունները սովորաբար շարունակվել են՝ թեկուզ սահմանափակ ձևաչափով։ COVID-19 համավարակի ժամանակ ուխտավորների մուտքը սահմանափակ էր, սակայն հոգևորականությունն, այնուամենայնիվ, պատարագներ էր մատուցում բազիլիկի ներսում։

Քրիստոնյա հիերարխները բանակցություններ են վարում իսրայելական իշխանությունների հետ և հույս ունեն թույլտվություն ստանալ տաճարի ներսում գոնե Զատկի ժամերգությունները անցկացնելու համար, նույնիսկ եթե ուխտավորների համար մուտքը մնա սահմանափակված։

Սուրբ Հարության տաճարը հաճախ անվանում են «Քրիստոնեության Մայր եկեղեցի», քանի որ այն ուղղակիորեն կապված է Ավետարանի առանցքային իրադարձությունների՝ Քրիստոսի Չարչարանքների և Հարության հետ։

Ուստի շարունակվող հակամարտության ֆոնին դրա փակումը դարձել է մի իրադարձություն, որը լայն արձագանք է գտել ողջ քրիստոնեական աշխարհում։

Share.