Ահաբեկիչները պայթեցրել են Պակիստանի արևմուտքում գտնվող Հարնայ քաղաքի գազատարը՝ մասնակիորեն խաթարելով Բելուջիստան նահանգի և դրա կենտրոնի՝ Քվեթա քաղաքի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է պակիստանյան The Express Tribune պարբերականը՝ հղում անելով էներգետիկ ընկերությանը և սակրավորներին։

Ըստ հրապարակման՝ պայթյունի հետևանքով վնասվել է տեղական Sui Southern Gas Company (SSGC) էներգետիկ ընկերությանը պատկանող գազատարի խողովակը։ Ընկերության ներկայացուցիչը հաստատել է վթարի փաստը և հավաստիացրել, որ դեպքի վայր ժամանած մասնագետները դադարեցրել են գազի մատակարարումը և մարել հրդեհը, սակայն գազատարն ամբողջությամբ դուրս է եկել շարքից։ Սակրավորների տվյալներով՝ ենթակառուցվածքը տուժել է ահաբեկչական գործողության հետևանքով։ Չարագործները գործի են դրել շուրջ 45 սմ տրամագծով խողովակի տակ տեղադրված պայթուցիկ սարքը՝ ոչնչացնելով գազատարի մի հատվածը։

Պայթյունը հանգեցրել է հուժկու հրդեհի՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։ Ընկերությունից հավաստիացրել են, որ վերականգնողական աշխատանքները կտևեն 12-ից 24 ժամ և կմեկնարկեն իրավապահ մարմինների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուն պես։ Ոստիկանությունը շրջափակել է վթարի վայրը և դեպքի առնչությամբ հետաքննություն սկսել։

Հունվարի վերջին և փետրվարի սկզբին Բելուջիստանի իշխանությունները հայտնել են տարածաշրջանում «Բելուջիստանի ազատագրական բանակ» (BLA) անջատողական խմբավորման զինված կազմավորումների մի շարք հարձակումների մասին։ Պակիստանի զինվորականները լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել։ Անջատողականները Պակիստանի կառավարությանը մեղադրում են Բելուջիստանի բնական գազի պաշարների և հարուստ հանքային ռեսուրսների շահագործման մեջ։

Share.