Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս շաբաթ կայացել են քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները։ Կիսաեզրափակչի ուղեգրին զգալիորեն մոտեցել են Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ատլետիկոն» և Լոնդոնի «Արսենալը», որոնք հաղթանակներ են տարել իրենց առաջին խաղերում: Ընդ որում, բացի փարիզյան ակումբից, մյուս երեք թիմերն այդ առավելությանը հասել են արտագնա խաղերում:

Զուգահեռաբար, արդեն հայտնի են այն չորս ակումբների անունները, որոնք հաստատապես հանդես կգան եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաջորդ խաղարկությունում: 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգրեր են նվաճել «Արսենալը», «Բարսելոնան», «Բավարիան» և ՊՍՎ-ն:

Նշենք, որ Էյնդհովենը ներկայացնող ՊՍՎ-ն օրերս հռչակվել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ «Արսենալը», «Բարսելոնան» և «Բավարիան» իրենց ազգային առաջնություններում երաշխավորել են, որ մրցաշարային աղյուսակում այլևս չեն իջնի Չեմպիոնների լիգայի գոտուց:

Share.