ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր հակառակորդներին «չծլվլալ» և չխանգարել Իրանի հետ գործարք կնքելու հարցում։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով տեղեկացված պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ավելի խիստ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հետ կապված հնարավոր գործարքի վերաբերյալ, և առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Թեհրանին՝ քննարկման համար։

«Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և այն շահավետ կլինի ԱՄՆ–ի և նրանց համար, ովքեր մեզ հետ են։ Բայց մի՞թե դեմոկրատներն ու տարբեր, ինչպես թվում է, ոչ հայրենասեր հանրապետականները չեն հասկանում, որ ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել աշխատանքս և բանակցություններ վարել, երբ քաղաքական գործիչները նախկինում չտեսնված մակարդակով շարունակում են «ծլվլալ» այն մասին, որ ես պետք է ավելի արագ կամ դանդաղ գործեմ, պատերազմեմ կամ չպատերազմեմ, կամ ինչ-որ այլ բան։ Պարզապես նստեք և հանգստացեք։ Ի վերջո ամեն բան լավ կլինի։ Այդպես միշտ է լինում», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ։ Սակայն մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ–ները հայտնեցին, որ Թրամփը հետաձգել է որոշումը։ Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարեց, որ վերջնական համաձայնության չեն հասել, և որ Իրանն ու ԱՄՆ–ն շարունակում են հաղորդագրություններ փոխանակել։

Share.