Չինաստանի իշխանություններն թույլ չեն տվել ամերիկյան Meta Platforms Inc. ընկերությանը գնել արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած չինական Manus ստարտափը։
Հիշեցնենք, որ Meta-ն դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Manus-ը 2 միլիարդ դոլարով ձեռք բերելու մտադրության մասին։ Սակայն Չինաստանի կառավարությունը գործարքի ստուգման գործընթաց էր սկսել՝ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է խախտել տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության կանոնները և վտանգել երկրի ազգային անվտանգությունը։
Այսօր՝ երկուշաբթի, Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն (NDRC) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կարգադրելով չեղարկել գործարքը։
Manus-ը մշակել է համանուն արհեստական բանականության գործակալը (AI-agent), որն ունակ է լուծել խնդիրների լայն շրջանակ՝ սկսած ծրագրավորումից մինչև շուկաների վերլուծություն և տվյալների մշակում։
Ինչպես անցյալ շաբաթ տեղեկացրել էր Bloomberg-ը, Պեկինը մտադիր է արգելակել տեղական տեխնոլոգիական հսկաների և ԱԲ ստարտափների մուտքը դեպի ամերիկյան կապիտալ՝ պարտադրելով նախապես ստանալ կառավարության «թույլտվությունը»։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նման խիստ սահմանափակումների պատճառ է դարձել հենց Meta-ի և Manus-ի միջև կնքված գործարքը։
