Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը կոչ է արել Ռուսաստանին` չաջակցել Իրանին, որի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են իրականացնում։ Ուիթքոֆն ինքն է այս մասին հայտարարել՝ մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ասել է Ռուսաստանի ղեկավարներին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ, Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է. «Ես դա ընդգծված եմ ասել»։ Նա լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Նախկինում CNN-ը և The Washington Post-ը հաղորդել են, որ Մոսկվան Թեհրանի հետ տեղեկատվություն է կիսում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի, ռազմանավերի և ինքնաթիռների տեղակայման և տեղաշարժերի վերաբերյալ՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների աղբյուրներին։
Սթիվեն Ուիթքոֆը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի անգամ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանների շուրջ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի որևէ ապացույց, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին։ «Եթե այդպես է, ապա նրանք շատ լավ աշխատանք չեն կատարում, քանի որ Իրանի գործերը լավ չեն ընթանում»,- ասել է նա։
Անցյալ տարի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը, ի թիվս այլնի, ներառում է ռազմական և զենքի համագործակցություն։ Օրինակ, Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է պատերազմում։ Սակայն, համաձայնագիրը չի պարտավորեցնում կողմերից ոչ մեկին միջամտել, եթե մյուսը հարձակման ենթարկվի:
Այնուամենայնիվ, Թեհրանն ակնկալում էր զգալի քաղաքական և ռազմական աջակցություն Մոսկվայից` ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ Մոջթաբա Հաշեմիի։
