Իմպիչմենտի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար, կարծում եմ դրանում բոլորս համակարծիք ենք, բոլորն են դրա մասին ասել, այդ թվում  նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մենք արդեն տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններ, այդ կեղծումները ձևակերպում են, որպես արտաքին ազդեցության դեմ պայքար, դրսևորվում են հիմնական դերակատար քաղաքական ուժերի, ղեկավարների կամ առանցքային դերակատարների ապօրինի կալանքով։ Հիմա ո՞րն է ավելի լավ, փորձել ռեալ գործիքը՝ իմպիչմենտի գործիքը, նույնիսկ, եթե այս կամ այն պատճառով այն հաջողության չհասնի, իշխանությունները կտեսնեն, որ առկա է լծակ փողոցային պայքարի, փողոցային ակտիվության տեսքով, որը իրենց գուցե հետ պահի այս կամ այն անօրենությունը, այս կամ այն կեղծիքը ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ կամ ընտրություններից հետո իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ երկար քննարկման առիթ չկա»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ երբ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ հանկարծակի փողոցային պայքարի կոչ է արվում՝ առանց այլ ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու, տպավորություն է, որ նպատակ կա ընդդիմությանը ներքաշել իրենց օրակարգի մեջ ու փչացնել, Մամիջանյանն ասաց. «Ինձ թվում է՝ դուք խառնել եք ճեպազրույց տվողին, ես «տարանջատում» օպերացիայի հեղինակներից չեմ։ նախ, ես կուզեն տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։ Երկրորդ, դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվե՞լ, Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր, և եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։

Ինչ վերաբերվում է որևէ իրական ընդդիմադրին երբևէ թիրախավորելուն կամ փչացնելուն, լավ է, որ այդ հարցը տվեցիք, երեկ է Դավիթ Համբարձումյանը արել այդ հայտարարությունը, ու դրանից հետո անմիջապես, առանց սպասելու Հանրապետականից որևէ արձագանքի, որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողություններ։ Փորձում են անդադար կռվացնել, փորձում են մեզ սադրել, որ մենք սկսենք իրենց պատասխանել։ Դա չի հաջողվելու ու այս գործընթացի նպատակը ընդդիմության համախմբումն է և ևս մեկ հնարավորություն օգտագործելը։ Մենք բոլորս խոստացել ենք օգտագործել բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները իշխանափոխության համար, Հանրապետականը դա անում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ իմպիչմենտի ձախողումը կարող է հիասթափություն առաջացնել ընտրություններից առաջ, Մամիջանյանը նկատեց. «Մինչ օրս եղած բոլոր մեծ և իրենց արդյունքին չհասած պայքարները, ամեն մեկը եղել են ավելի մեծ, քան նախորդը։ Այն հազարավոր քաղաքացիները, որ «Սրբազան պայքարին» մասնակցում էին, ոչ մի տեղ չեն վերացել, այդ մարդիկ կան ու դա չօգտագործել Նիկոլ Փաշինյանից զրո կախում ունեցող գործիքը, ինձ համար, ճիշտն ասած, անընկալելի է»։

Share.