Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ վարչության պետի գլխավորությամբ։Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին, ապա հիվանդանոց ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Share.