Շերոն Սթոունը չի վախենում համբուրվել և դրա մասին խոսել։
Ավելին, դերասանուհին այնքան վստահ էր «Կազինո» ֆիլմում Ռոբերտ Դե Նիրոյի հետ իր համբույրի վրա, որ առանց երկմտելու նրան անվանել է «ոլորտի լավագույն համբուրողը», գրում է E! News-ը։
«Նա ինձ այնպես համբուրեց, որ ես բառացիորեն կորցրեցի ինձ»,-ասել է Շերոնը SiriusXM-ի Radio Andy հաղորդման ընթացքում։ «Օ՜, այո»։
68-ամյա դերասանուհու համար կա մեկ առանձնապես կրքոտ պահ 1995 թվականի քրեական թրիլլերում, որը առանձնանում է մնացածից։

«Մենք նկարահանում էինք մի տեսարան, որտեղ ես պետք է գնայի զուգարան, և քանի որ ես խաղում էի խաբեբայի դեր, ես ստիպում էի նրան ինձ գումար տալ»,-հիշում է Շերոնը, ով ֆիլմում մարմնավորել է Ջինջեր ՄաքՔեննային։ «Նա տալիս է գումարը, իսկ ես նայում եմ նրան՝ “Լո՞ւրջ։ Կարծում եմ՝ ինձ պետք է մի քիչ ավելի, քան 50 դոլար՝ զուգարան գնալու համար»։
«Նա ձեռքը տանում է գրպանը և ինձ տալիս է մոտ 100 դոլար, հետո ես թեքվում եմ և համբուրում նրան»,-շարունակել է նա։ «Եվ նա ուղղակի շշմեցրեց ինձ»։
Շերոնի խոսքով՝ այդ համբույրը նույնիսկ կարմրեցրել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեին։
«Մարտինն ասաց՝ «Ստոպ», նայեց մեզ ու ասաց,-«Կարծում եմ՝ ստացվեց, բայց կուզեի՞ք ևս մեկ դուբլ անել»,-պատմում է նա։ «Եվ մենք երկուսս էլ նայեցինք նրան ու ասացինք՝ “Այո, երևի պետք է ևս մեկը»։
Շերոնը հաճախ է հիացմունքով խոսել Ռոբերտի հետ իր համագործակցության մասին՝ 2024 թվականին E! News-ին ասելով, որ «Կազինո» ֆիլմի վրա միասին աշխատելը փոխել է իր կյանքը։
