Միլիոնավոր ամերիկացիներ հանկարծակի Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելու շատ ավելի հեշտ ուղի են ստացել, ինչը դրդել է բազմաթիվ մարդկանց ուսումնասիրել իրենց տոհմածառը և դիմել երկքաղաքացիություն ստանալու համար, հայտնում է Associated Press-ը:
Մինեսոտա նահանգի Ֆարմինգթոն քաղաքից Զաք Լաուդի նման մարդկանց համար անսպասելի էր իմանալ, որ նոր օրենքով Կանադան արդեն իսկ իրեն և իր քույր-եղբայրներին համարում է քաղաքացիներ, քանի որ նրանց տատիկը կանադուհի է:
Դեկտեմբերի 15-ին նոր օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր, ԱՄՆ-ի և Կանադայի ներգաղթի հարցերով փաստաբաններն ասում են, որ ծանրաբեռնված են քաղաքացիության հաստատման փաստաթղթերի հարցով դիմող հաճախորդներով:
Առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, ընտանեկան ժառանգությամբ, աշխատանքի հնարավորություններով և այլ գործոններով՝ հազարավոր ամերիկացիներ մտորում են՝ արդյո՞ք այդ պարզեցված գործընթացը հարմար ժամանակ չէ երկքաղաքացիություն ստանալու համար:
Ներգաղթի հարցերով փաստաբան Ամանդիպ Հեյերը պատմել է, որ Վանկուվերում իր գործունեությունը տարեկան մոտ 200 քաղաքացիության գործից հասել է օրական ավելի քան 20 խորհրդատվության:
Կանադան տասնամյակներ շարունակ փոփոխել է քաղաքացիության մասին իր օրենքները՝ լինի դա օրենքի պատմական մեկնաբանությունների թարմացման, թե խտրականության խնդիրների լուծման նպատակով:
Նախկինում Կանադայի քաղաքացիությունը ըստ ծագման կարող էր փոխանցվել միայն մեկ սերնդի՝ ծնողից երեխային: Իրավիճակը փոխվեց, երբ դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտավ կանադական C-3 օրինագիծը, որը քաղաքացիության դուռը բացեց բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչ այդ ամսաթիվը և կարող են ապացուցել, որ ունեն կանադացի ուղղակի նախնի՝ պապիկ, նախապապ կամ նույնիսկ ավելի հեռու նախնի:
Նրանք, ովքեր ծնվել են դեկտեմբերի 15-ին կամ դրանից հետո, պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց ծնողը կատարել է երկրում 1095 օր բնակվելու պահանջը:
Ըստ նոր օրենքի՝ կանադացիների սերունդներն արդեն իսկ համարվում են քաղաքացիներ, սակայն նրանք պետք է ապացույցներ ներկայացնեն քաղաքացիության վկայական ստանալու համար:
Նրանց համար, ովքեր ունեն պատրաստի փաստաթղթեր, քաղաքացիության հաստատման վճարը համեմատաբար էժան է՝ 75 կանադական դոլար (55 ԱՄՆ դոլար): Սակայն ծախսերը կաճեն նրանց համար, ովքեր կդիմեն փաստաբանի կամ տոհմաբանի օգնությանը:
Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով վարչության կայքում նշվում է, որ վկայականի ստացման ժամկետը կազմում է մոտ 10 ամիս, և ավելի քան 56 հազար մարդ սպասում է որոշմանը: Գործակալությունը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հաստատել է 1480 մարդու ծագումով քաղաքացիությունը, թեև ոչ բոլորն էին ամերիկացի: Անցյալ տարի 24 հազար 500 ամերիկացի Միացյալ Նահանգների և Կանադայի երկքաղաքացիություն է ստացել:
