Նիդերլանդները բախվում են իրենց ազգային անվտանգությանն ուղղված ամենալուրջ սպառնալիքին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի կողմից, առավել անկանխատեսելի համաշխարհային կարգի հետնապատկերում։ Դրա մասին հինգշաբթի հայտնել են Նիդերլանդների հետախուզական և անվտանգության ծառայությունից՝ AIVD-ից, հաղորդում է Reuters-ը։
«Մեր գոյության 80 տարիների ընթացքում մենք չենք բախվել սպառնալիքի այնպիսի մակարդակի, ինչպիսին ներկա սպառնալիքն է, երբ ազգային անվտանգությունը հայտնվել է ճնշման տակ միաժամանակ այդքան շատ կողմերից և այդքան երկար ժամանակով,- գործակալության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է AIVD-ի տնօրեն Սիմոնա Սմիթը։- Մենք տեսնում ենք անկայուն և անկանխատեսելի համաշխարհային կարգ՝ տասնամյակներ տևած կայունությունից և կանխատեսելիությունից հետո, որոնք եղել են բարգավաճման և խաղաղության հիմքը»։
Ինչպես և նախորդ տարիներին, Նիդերլանդների հետախուզական և անվտանգության ծառայությունն ընդգծում է երկրի՝ իբրև ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հիմնադիր անդամներից մեկի համար Ռուսաստանից և Չինաստանից բխող սպառնալիքները։
Հետախուզության զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն էլ ավելի ագրեսիվ է դարձել արևմտյան երկրների, ներառյալ՝ Նիդերլանդների նկատմամբ՝ հիմնականում կիբերհարձակումների պատճառով։
«Ռուսաստանը պատրաստվում է Արևմուտքի հետ տևական առճակատման։ Որպես հետևանք՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական հակամարտությունն այլևս աներևակայելի չէ»,- շեշտվում է զեկույցում։
