Նիդերլանդների կառավարությունը 927 միլիոն եվրո ծավալով աջակցության փաթեթ է գործարկում։ Այն ուղղված է բնակչությանը և բիզնեսին։ Այս որոշումը կայացվել է տնտեսական իրավիճակի վատթարացման և էներգակիրների գների աճի ֆոնին, ինչը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությամբ։

Խորհրդարանին ուղղված կառավարության նամակում նշվում է, որ 627 միլիոն եվրո կուղղվի ուղղակի ծախսերին, իսկ ևս 300 միլիոնը՝ հարկային արտոնություններին։ Նախատեսվող միջոցառումների թվում են աշխատանքի վայր հասնելու համար տրվող փոխհատուցման չհարկվող շեմի բարձրացումը, տնային տնտեսությունների համար էներգետիկ հիմնադրամի ստեղծումը, ինչպես նաև տրանսպորտային ոլորտի և մասնավոր ընկերությունների հարկերի նվազեցումը։

Միաժամանակ ներդրվում է էներգետիկ ճգնաժամի արձագանքման ազգային պլան, որը նախատեսում է շուկաների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն, լրացուցիչ միջոցառումների մշակում և ԵՄ անդամ մյուս երկրների հետ գործողությունների համակարգում։

Բացի այդ, Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Նիդերլանդները պատրաստվում է 5,4 միլիոն բարել նավթ օգտագործել ռազմավարական պահուստից։

Իշխանությունները փաստում են, որ նույնիսկ իրավիճակի կայունացման դեպքում էներգակիրների գները կարող են երկար ժամանակ բարձր մնալ։ Այդ իսկ պատճառով երկիրն արագացնում է էներգիայի առավել կայուն աղբյուրներին անցումը և քայլեր ձեռնարկում՝ ներկրումից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։

Share.