Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է օգտագործել ԱՄՆ կատարած իր ներկայիս այցը՝ երկրի իշխանությունների հետ բանակցությունների համար, որպեսզի խուսափի փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջնորդների առաջին հանդիպմանը մասնակցելուց, գրում է Al-Monitor-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«[Հանդիպումից] լրացուցիչ առավելությունն այն է, որ նա (Նեթանյահուն) կկարողանա խուսափել Վաշինգտոնում անցկացվելիք Խաղաղության խորհրդի արարողակարգային նիստից»,- նշել է աղբյուրը։
Սկզբում Նեթանյահուն պետք է մասնակցեր ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի համաժողովին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Այդ չնախատեսված այցը Իսրայելի վարչապետին հնարավորոթյուն կտա չեղարկել իր մասնակցությունը և՛ միջոցառմանը, և՛ Խաղաղության խորհրդի նիստին։
Ըստ աղբյուրների՝ Նեթանյահուն համաձայնել է Իսրայելի անդամակցությանը Խաղաղության խորհրդին Վաշինգտոնի ճնշման տակ։ Միևնույն ժամանակ, նրա «Լիկուդ» կուսակցության ծայրահեղ աջ գործընկերները իշխող կոալիցիայում խիստ դժգոհ են այդ որոշումից, քանի որ դա ենթադրում է հետագա զիջումներ Գազայի հատվածի հարցում։ Ըստ Al-Monitor-ի՝ Նեթանյահուն ընդհանուր առմամբ կասկածանքով է մոտենում Խաղաղության խորհրդի շուրջ առկա միտումներին՝ հավատալով, որ Թրամփը պատրաստ է խաղաղության պահպանման և Գազայի վերականգնման գործում կարևոր դերեր հատկացնել Կատարին և Թուրքիային, որոնց հետ Իսրայելը լուրջ հակասություններ ունի։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրեցին Գազայի խաղաղության գործընթացի շրջանակում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է ըստ Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի, սակայն ակնկալվում է, որ այն նաև կաշխատի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։
